25 դեկտեմբերի 2008 - 18:27 AMT
«Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրինագիծն արաժանցել է Հայաստանի կառավարության հավանությանը
Հայաստանի կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում հավանություն է տվել «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի մշակման համար հիմք են ընդունվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 1296-Ն որոշման դրույթները:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաեւ Ատոմակայանի նոր բլոկի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության մրցութային փաթեթին, ինչպես նաեւ հաստատվել է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին` մրցույթի մասին հայտարարությունը գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո 15-օրյա ժամկետում պաշտոնական հայտարարություն անել միջազգային մրցույթի անցկացման մասին: Հանձնարարվել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին կայացած մրցույթի արդյունքների հիման վրա ներկայացված ֆինանսական հայտի համաձայն, ՀՀ 2009թ. պետական բյուջեի պահեստային ֆոնդից հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: