18 ապրիլի 2020 - 17:33 AMT
Տողանյանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին չմնալ «Դոմոդեդովոյում»․ Առաջիկա 4 օրը թռիչք չկա

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հորդորել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Դեսպանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկա 4 օրը Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Ավելի վաղ ՀՀ պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը: