26 դեկտեմբերի 2008 - 15:52 AMT
Անդրանիկ Թեւանյան. 2008 թվականը ֆորս-մաժորային էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից
«2008 թվականը ֆորս-մաժորային էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից: Վրաստանում հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը առավելագույն շահագրգռվածություն ցուցաբերեց ղարաբաղյան հարցում եւ հասկանալի է, որ Մոսկվայի այդ շահագրգռվածությունն, առաջին հերթին, տնտեսական պատճառներ ունի: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքերով, Ռուսաստանն իր առջեւ խնդիր էր դրել տապալել Nabucco գազամուղի շինարարության նախագիծը, եւ որպես փոխզիջում իր աջակցությունն առաջարկեց Բաքվին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Ա.Թեւանյանը հավելեց նաեւ, որ պետք չէ մոռանալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե բանակցային գործընթացում չլուծված են մնացել միայն մի քանի հարցեր, այդ թվում Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը:

Դեռեւս հոկտեմբերին Լավրովը հայտարարեց, թե «ղարաբաղյան հակամարտության մեջ 2-3 չլուծված հարց է մնացել, որոնք պետք է համաձայնեցվեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումներում: Նման հանդիպումները, ինչպես հասկանում ենք, տեղի կունենան Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո: Առաջին հերթին, խոսքը գնում է Լաչինի միջանցքի մասին: Մեր զգացողությունն, որպես միջնորդի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է: Անկասկած, դա պետք է անեն Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակի պայմանավորվածությունների միջոցով, սակայն միջնորդները` ռուսները, ամերիկացիներն ու ֆրանսիացիները, որոնք հիանալի հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբությունները, տեսնում են հանգուցղալուծման հնարավորությունը»: