20 ապրիլի 2020 - 13:45 AMT
Մարտին Գալստյանը ԿԲ նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում Կենտրոնական բանկի նախագահ ընտրված Մարտին Գալստյանը, ընթացակարգի համաձայն, պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին:

Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:

Գալստյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին՝ ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար: 2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:

Նա Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս է:

Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, նաև Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում:

Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավելօ միջազգային մասնագիտական միջոցառման մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: