21 ապրիլի 2020 - 11:00 AMT
Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթն ԱՄՆ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա խոստացել է նման հրամանագիր ստորագրել։

Թրամփը գրել է, որ կայացրել է որոշումը «անտեսանելի թշնամու հարձակման պայմաններում» (նախկինում նա այդպես էր արտահայտվել կորոնավիրուսի մասին, խմբ.), ինչպես նաև ելնելով «Ամերիկայի քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու անհրաժեշտությունից»։

ԱՄՆ ղեկավարը չի նշել, թե երբ է ստորագրվելու հրամանագիրը և որքան ժամանակ է գործելու սահմանափակումը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, մոտենում է 2.5 մլն-ի։ Ամենից շատ վարակվածներ և մահացածներ են գրանցվել ԱՄՆ-ում՝ 787,000 և 42,300 համապատասխանաբար։