22 ապրիլի 2020 - 11:15 AMT
«Իմ քայլն» առաջարկում է 500,000 դրամ և ավելի եկամուտ ունեցողների կուտակային գանձումները չավելացնել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանն առաջարկում են չբարձրացնել 500,000 դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցվճարի (կուտակային կենսաթոշակային համակարգ) չափը:

Այժմ 500,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը նույնքան է, ինչ մյուսների, բայց հուլիսի 1-ից այն պետք է կդառնա նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ: Այն այս պահին կազմում է 1․2 մլն։

«Արդյունքում` 500,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52,000 դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարներն ուղղվելու են կուտակային ֆոնդեր, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից, այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված է նախագծում։

Դրանով նաև առաջարկվում է հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500,000 դրամը: Նշվում է, որ փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25,000 քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով:

Ըստ հեղինակների` սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին՝ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափելու սպառման և հարկերի նվազումից։

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք՝ որոշ բացառություններով։ Մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և այդ եկամուտն ամսական կտրվածքով չի գերազանցում 500,000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից. 2018-ին օրենքում փոփոխություն կատարելուց հետո դրույքաչափերը փոխվեցին, այժմ 7,5 տոկոսն ապահովում է պետությունը, 2,5-ը` մասնակիցը: 2021 թվականի հուլիսից նախատեսվում է, որ 5% կվճարի պետությունը, 5%` մասնակիցը: