22 ապրիլի 2020 - 11:20 AMT
Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց քաղաքացին 93 տարեկան է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված և ապաքինված ամենատարեց քաղաքացին 93 տարեկան մի կին է՝ ծնված 1927 թվականին։ Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Հաղթահարելով հիվանդությունը, նա դուրս է գրվել:

Հայկական միասնական տեղեկատվական հարթակից հայտնում են, որ 70 տարեկանից բարձր մոտ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:

Նշվում է, որ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: 88-ամյա ևս մեկ կին բուժվել ու դուրս է գրվել ապրիլի կեսերին։ Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:

Նման ընթացք է եղել նաև 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 633 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։