22 ապրիլի 2020 - 17:50 AMT
«Գազպրոմ Արմենիա»․ Ապրիլի 22-ից 3 օրում գազի համար չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի

Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: Այդ մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Հիմք է ընդունվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորն ապրիլի 22-ից համարվում է վերացած։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 22-ից բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։