24 ապրիլի 2020 - 16:25 AMT
Կիպրոսի նախագահ․ Հիշում ենք այդ ոճրագործության զոհերին և հարգում նրանց հիշատակը

Կիպրոսն աջակցում է միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։

«Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Կիպրոսը հիշում է այս նողկալի ոճրագործության զոհերին և հարգանքի տուրք մատուցում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- գրել է Անաստասիադեսը:

Կիպրոսը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել է 2015-ին։ Երկրի նախագահ Անաստասիադեսը ՀՀ-ում մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։