27 ապրիլի 2020 - 13:00 AMT
Ապրիլի 28-ին Կիև-Երևան թռիչք կիրականացվի

Ապրիլի 28-ին Կիև-Երևան չարտերային թռիչք կիրականացվի (Կիևի ժամով 15։00-ին), տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Այդ չվերթով Հայաստան կվերադառնան ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Տեղերն արդեն սպառվել են:

«Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։