13 հունվարի 2009 - 14:19 AMT
Հայաստանը հետագայում էլ շարունակելու է աջակցել ՀԱՊԿ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հայաստանը ներկայումս նախագահում է այս Կազմակերպությունում եւ ՀԱՊԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Կազմակերպության հերթական գագաթաժողովի նախապատրաստման, օրակարգի ձեւավորման հետ կապված հարցեր:

Հայաստանի նախագահը կարեւորել է ՀԱՊԿ գործունեության մշտական կատարելագործումը, եւ նշել, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Ըստ Սերժ Սարգսյանի, հենց այդ նպատակին էր ուղղված Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների` անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումը:

ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական փոխգործակցությունը` երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Խոսվել է նաեւ Կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին: