28 ապրիլի 2020 - 17:41 AMT
ԱՆ. Ատամնաբուժարանները կվերաբացվեն

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն կարող են վերաբացվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարությունը մշակել է Covid-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից:

Մեթոդական ուղեցույցը նախատեսված է ԲԿ-ների, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների մասնագետների համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ Ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, 30 մարդ է մահացել։