29 ապրիլի 2020 - 10:39 AMT
Երևանի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ է հայտարարվել

Երևանի համար 12 մետր երկարությամբ ավտոբուսների մրցույթը հայտարարվել է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը»,- ասվում է գրառման մեջ։

Մրցույթով նախատեսում է ձեռք բերել 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս։ Դրանց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար։ Ընկերությունը կստեղծվի Երևանում ավտոբուսային ցանցի շահագործման համար։ Նախագիծն ավելի լայն ծրագրի մի մասն է՝ ուղղված մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխման հարցում աջակցության ցուցաբերմանը՝ ավտոբուսային պարկի թարմացման ֆինանսավորման ճանապարհով: