29 ապրիլի 2020 - 18:27 AMT
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Դանիելյանն ընդհարվել են։

Դանիելյանի մտերիմներից Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե ԱԺ փոխխոսնակը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սիմոնյանը հարձակման է ենթարկվել։ Պատգամավորը գրառման մեկնաբանություններում նշել է, թե ծեծկռտուք է եղել։

«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։

Ինքը՝ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Սիմոնյանն ասել է, որ դրա հետևանքով, ամենայն հավանականությամբ, Դանիելյանի քիթն է վնասվել, իսկ իր՝ քիմքի հատվածը։

ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ Դանիելյանի հետ ևս 2 հոգի են եղել, նրանք փորձել են ծեծկռտուքը դադարեցնել։ Նրա խոսքով` դիմել է ոստիկանություն։