30 ապրիլի 2020 - 15:57 AMT
ՔԿ. «Փարկինգ Սիթի Սերվիսը» քաղաքապետարանից մոտ $1.6 մլն է հափշտակել

Երևանի ավտոկայանատեղիներն ու տեսանկարահանող սարքավորումները վերահսկող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հիմնադիրն ու տնօրենը, կեղծ փաստաթղթեր կազմելով ու պաշտոնեական դիրքը չարաշահելով, հափշտակել են մոտ $1.6 մլն, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հարուցված քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016-ին հանրությանը ներկայացվել է, թե ընկերության սեփականատերն այն «նվիրում» է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ իրականում վաճառել է:

«Փարկինգ Սիթի Սերվիսի» տնօրենն ու սեփականատերը կազմել են 10.02.2013թ.-ի թվագրմամբ կեղծ փոխառության պայմանագիր, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբր պարտավորվել է փոխառուին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ $1.9 մլն-ի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով: Իսկ 30.05.2017թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանը «Փարկինգ Սիթի Սերվիսին» է հատկացրել $3․3 մլն գումար՝ իբր վարկային պարտավորությունը մարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիսի» փոխառությունն իրականում կազմել է $2 մլն՝ առանց տոկոսի, բայց ընկերությունը $3.5 մլն է ստացել քաղաքապետարանից:

ՔԿ-ից հայտնում են, որ հանցավոր ործակցության արդյունքում Երևան համայնքից հափշտակվել է մոտ $1.6 մլն:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը մերժվել է, դատարանը կիրառել է գրավ՝ 70 մլն դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012-ին՝ Երևանի ավտոկայանատեղերի կազմակերպման, փողոցներում տեսանկարահանող սարքավորումներ, ճանապարհային նշաններ ու գծանշումներով տեղադրելու նպատակով: 2016-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն էր ընդունել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ պայմանով, որ ձեռք բերելու պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից: