«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն աջակցելու համար, սակայն «նյութերից և պարզաբանումներից երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին», հայտարարել է Խաչատրյանների փաստաբանական խումբը։
Փաստաբանները հավելյալ տեղեկատվություն չեն ներկայացրել՝ պայմանավորված նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով։
Խաչատրյանին արդեն իսկ մեկ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 29-ին Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր քննչական մարմին ներկայանալու համար, բայց այն ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։
«Երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։ Փաստաբանները, ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը, ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու և պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար: Սակայն, փաստորեն չսպասելով նիստին, այսօր արդեն սկսել են լայնածավալ քննչական գործողություններ, ինչի իրավականության մասով հայտնում ենք մեր անհանգստությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ փաստաբանների՝ առաջադրված մեղադրանքը «ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է»:
Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Դրանից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Ucom-ում Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր էր դառնալու միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվեր Հայաստանի պետական բյուջե: