14 հունվարի 2009 - 14:14 AMT
Ջորջ Բուշը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրաքում ազատության եւ ժողովրդավարության ապահովմանը մասնակցելու համար
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված` Միացյալ Նահանգների անունից ես խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 2005թ-ից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի ունեցած մասնակցության համար:

Առանձնակի գոհունակություն եմ ուզում հայտնել փոխադրումների ու շարասյուների անվտանգության ապահովման, ականազերծման ու բուժօգնության հարցերում Ձեր ուժերի ցուցաբերած օժանդակության համար:

Իրաքի ժողովրդավարական կառավարության կայացմանն ու ամրապնդմանը աջակցելու հայ ժողովրդի պատրաստակամությունը, չնայած առկա դժվարությունների, մատնացույց է անում վերջինիս աննկուն ոգին: Հայաստանը կարող է հպարտանալ ազատությունը երաշխավորելու հարցում Իրաքին օգնելու այս հաջողված գործողությանը իր ունեցած մասնակցությամբ:

Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում»,-ասվում է ԱՄՆ նախագահի նամակում: