ՀՀ-ում օնլայն տաքսի ծառայություններին օրենսդրական նոր նախաձեռնությամբ կպարտադրվի տարեկան 100,000 դրամ լիցենզիայի պետական տուրք՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։
Համաձայն օրինագծի՝ ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին: Լիազոր մարմնին կտրամադրվի տվյալների բազա, նրանց գործունեությունը կկարգավորվի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով:
Նախագծով անհատ տաքսի ծառայություններ մատուցողների համար լիցեզանվորումն անցնելու համար որևէ պարտադիր վճար նախատեսված չէ։
Դրանով կանոնակարգվում է նաև 6-8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:
Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը: Կանոնակարգվում են նաև օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:
Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոց ունեցող կազմակերպություններն ունենան հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված 1 մեքենա:
Նշվում է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է կանոնակարգել մարդատար-տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:
Ընթերցեք նաև․ Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում