4 մայիսի 2020 - 19:10 AMT
Իրանի ազգային արժույթը ռիալի փոխարեն թուման կկոչվի

Իրանի մեջլիսը հաստատել է ազգային արժույթի անվանափոխման և դենոմինացիայի մասին օրինագիծը։

Ըստ օրինագծի՝ Իրանի ազգային արժույթը կկոչվի թուման։ Մինչ այդ պաշտոնական անվանումը ռիալ էր։ Փոխանակման ժամանակ թումանին հավասար կլինի 10,000 ռիալը, գրում է ՏԱՍՍ-ը։

Արժույթի փոխանակումն աստիճանաբար կիրականացվի և կտևի 3 տարի։ Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովել անցումային շրջանի մեկնարկը նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։

Իրանի կառավարությունը հավանություն էր տվել ԿԲ արժույթի բարեփոխման նախագծին 2016-ին։ Այնուհետև մի քանի տարի քննարկվել են օրինագծի մանրամասները։

Թումանը շրջանառության մեջ է եղել Պարսկաստանում մինչև 1932թ․, երբ փոխարինվեց ռիալով։ Այժմ հակառակ փոփոխությունն է կատարվում դրամային հաշվարկների պարզեցման նպատակով։ Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամային միավոր։ ԿԲ թղթադրամներին և գնապիտակներին ռիալն էր նշվում, սակայն առօրյա կյանքում իրանցիները գրեթե միշտ ռիալը թուման են անվանում, ինչը խառնաշփոթ էր առաջացնում։