15 հունվարի 2009 - 17:46 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայ եւ թուրք դիվանագետների միջեւ ոչ մի հանդիպումներ չեն անցկացվում
Ներկա պահին հայ եւ թուրք դիվանագետների միջեւ ոչ մի հանդիպումներ չեն անցկացվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, այդ մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

CNN-Turk հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները շարունակվում են:

«Թուրքիան մտադրված է այդ բանակցություններում արդյունքի հասնել նախքան ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Հայկական կողմի պահանջով դիվանագիտական հանդիպումները գաղտնի են մնում: Բայց հայտնի է, որ հանդիպումները սկսվել են 2009թ. հունվարի 5-ից եւ կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով»,- հաղորդում է թուրքական հեռուստաընկերությունը: