8 մայիսի 2020 - 10:45 AMT
ԱԳՆ․ Ալիևը փորձել է նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայերի դեմ իր քարոզչությանը

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին։

Հարցազրույցում Ալիևը հերթական անգամ մեղադրել է ՀՀ-ին «ֆաշիստ հանցագործներին հերոսացնելու մեջ», որպես կոնկրետ օրինակ մատնանշելով «ֆաշիստական դահիճ և հանցագործ Գարեգին Տեր-Հարությունյանին, որը հայտնի է Նժդեհ ածականով», որին Երևանում 6 մետրանոց հուշարձան է կանգնեցված։

«Ես հուսով էի, որ ՀՀ նոր ղեկավարությունը, որը փորձում է որպես ժողովրդավար ներկայանալ, կսատարի իմ առաջարկին։ Սակայն, հակառակը տեսա՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը, վարչապետը սկսեց պաշտպանել այդ հանցագործին»,- ասել է նա։

Նաղդալյանը նշել է, որ հայ ժողովրդի ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:

«Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Նա նշել է նաև, որ հայերը հպարտությամբ են հիշում բոլոր հերոսների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում:

«Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության»,- ասել է Նաղդալյանը։

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հրապարակել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի ընտանիքի նամակը, որը վերնագրված է՝ «Մեծ Հայրենականի երկու հերոսի թանգարանը չայխանայի են վերածել»։ Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի հայաբնակ Չարդախլու գյուղի փառավոր պատմությանը, որի բնակիչները, այդ թվում մարշալ Բաբաջանյանը, մեծ ավանդ են ունեցել Մեծ Հայրենականում կրած հաղթանակում։