8 մայիսի 2020 - 15:26 AMT
ՌԴ-ում 6-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի ավելի քան 10,000 նոր դեպք է գրանցվում

ՌԴ-ում 6-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի ավելի քան 10,000 նոր դեպք է գրանցվում, մայիսի 8-ի դրությամբ 10,699 նոր դեպք կա, հայտնում է օպերատիվ շտաբը։ Համաճարակի բռնկումից ի վեր վարակվել է 187,859 մարդ։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 100,000-ի՝ մայրաքաղաքում 98,522 վարակված կա, որից 5846-ը գրանցվել է վերջին 24 ժամում։ Մոսկվայում նոր դեպքերի աճը շաբաթվա կտրվածքով մոտ է եղել 5000-ի, գրում է «Վեդոմոստին»։

Մայիսի 8-ին ՌԴ-ում կորոնավիրուսից 2805 պացիենտ է ապաքինվել, որից 1032-ը Մոսկվայում։ ՌԴ-ում ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 26,608-ի։ Մեկ օրում մահացել է 98 հիվանդ, մեծ մասը Մոսկվայում՝ 51։ Համաճարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 1723 մարդ, որից 956-ը՝ Մոսկվայում։

Կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 83 շրջանում։ Օպերատիվ շտաբը նշում է, որ հայտնաբերված վարակակիրների 48,9%-ը կլինիկական դրևորումներ չեն ունեցել։ Մոսկվայից հետո վարակման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Մերձմոսկովյան շրջանում (918) և Սանկտ Պետերբուրգում (375)։

Ռուսաստանը վարակակիրների քանակով 5-րդն է աշխարհում և առաջ է անցել Գերմանիայից և Ֆրանսիայից ։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Պաշտոնական վիճակագրությամբ, սակայն, մահացության ցուցանիշը Ռուսաստանում շատ ավելի նվազ է, քան այդ երկրներում։

Photo. Ria Novosti