11 մայիսի 2020 - 12:47 AMT
ՀՀ-ում օգոստոսին կորոնավիրուսի վերանալու՝ սինգապուրցի գիտնականների կանխատեսումը չեղարկվել է

Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի գիտնականների կանխատեսումը, թե Հայաստանում կորոնավիրուսը մինչև օգոստոսի 19-ը 100% կվերանա, այլևս ուժի մեջ չէ։ Համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չեղարկվել են բոլոր 131 երկրի տվյալների վրա հիմնված կանխատեսման արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3392-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1359 է, վիրուսից 46 մարդ է մահացել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 9-ին հայտնել է, որ վարակի տարածման տեմպի պահպանման դեպքում հունիսի 8-ին երկրում 12,700 վարակակիր կլինի։

Նշվում է, որ բոլոր գրաֆիկները ջնջվել են ուսումնական հաստատության կայքից. գիտնականները նշել են՝ իրենց կանխատեսումներն այլևս արդիական չեն՝ կապված արագ փոփոխվող միջավայրի հետ։ Նրանք առաջարկել են ուսումնասիրել հետազոտական այլ կենտրոնների մոդելները:

Հետազոտության հեղինակները նշել են նաև, որ ցանկացած կանխատեսման պետք է զգուշորեն վերաբերվել և նախազգուշացրել են «ավելորդ լավատեսության» վտանգավորության մասին։

Մայիսի 11-դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպք հաստատվել է 4․1 մլն մարդու մոտ։ Վիրուսի հաստատված դեպքերի թվով համաշխարհային առաջատարն ԱՄՆ-ն է՝ 1․3 մլն-ից ավելի մարդ։ ԱՄՆ-ում վարակից մահացել է մոտ 80,000 մարդ։