12 մայիսի 2020 - 14:16 AMT
Դրսում դիմակ կրելը ՀՀ-ում կարող է պարտադիր դառնալ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակումների մեղմման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։

Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը, գրոմ է «Հայկական ժամանակը»։

Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցն այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չի նշել՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռևս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյոք հնարավոր է դա ապահովել։

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։