12 մայիսի 2020 - 22:13 AMT
ԵՄ-ն կարող է սահմանը բացել զբոսաշրջիկների համար

Եվրահանձնաժողովը մայիսի 13-ին կներկայացնի համապարփակ ռազմավարություն՝ համաձայն որի Եվրամիության երկրները կկարողանան զբոսաշրջիկների ընդունել։ Այսկերպ փորձ է արվում օժանդակել կորոնավիրուսի պանդեմիայից տուժած զբոսաշրջության ոլորտին, փոխանցում է The Guardian-ը։

Եվրահանձնաժողովի ռազմավարությունն առաջարկելու է եռաստիճան մոտեցում՝ ուղղված այն երկրների սահմանաների բացմանը, որոնք «վարակի ռիսկի գնահատման նույնանման» ցուցանիշ ունեն։

Կորոնավիրուսի դեմ պայքարի եվրոպական գործակալությունը (ECDC) կվարի այն տարածաշրջանների ցանկը, որտեղ վարակի տարածման ցածր հավանականություն կա։ Այդկերպ երկրները կհրաժարվեն Շենգեն գոտու ընդհանուր կարանտինային միջոցառումներից։

Սպասվում է, որ կորոնավիրուսի համաճարակը Եվրոպայի զբոսաշրջային ինդուստրիային, որը տնտեսության գործունեության 10%-ն է զբաղեցնում, ծանր հարված կհասցնի։ Կորոնավիրուսի հետևանքները հատկապես կզգացվեն Իտալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում և Հունաստանում։ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսման համաձայն՝ 2020-ին աշխարհում զբոսաշրջիկների թիվը կարող է նվազել 20-30%-ով՝ հանգեցնելով մոտ $450 մլրդ կորստի։