13 մայիսի 2020 - 13:33 AMT
Հարությունյան․ Կորոշենք՝ ում առաջադրել ԱԺ նախագահի և հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում

Մայիսի 13-ին փակ գաղտնի քվեարկությամբ կորոշվի, թե Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հարությունյանը:

Արցախի նորընտիր խորհրդարանի ձևավորման կարևոր գործընթացից առաջ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ է հրավիրվել:

«Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի եւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար: Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է:

Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն»,- ասվում է գրառման մեջ։

Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների մոտ 87%-ով ընտրվել է Արցախի նախագահ։ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 21-ին Շուշիում։