13 մայիսի 2020 - 16:28 AMT
ՌԴ ՔԿ-ն հրաժարվել է մեղմել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը` հոր սպանությունից անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այդ մասին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին՝ Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանել են մեղքը: Հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Իրավաբանը պարզաբանել է, որ քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և անփոփոխ թողել մեղադրանքը՝ սպանություն նախնական դիտավորությամբ։

Այժմ պաշտպանական կողմը կծանոթանա լրացուցիչ հետաքննության նյութերին, մինչև մայիսի վերջ ՔԿ-ն կփոխանցի դրանք Գլխավոր դատախազությանը մեղադրականը հաստատելու համար։

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: