13 մայիսի 2020 - 19:19 AMT
ՔԿ. Կրթության նախկին նախարարի կողմից չարաշահման հետքերով քրգործ կա

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական դիրքի չարաշահման փաստի առթիվ քրգործ է հարուցվել։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, գործը հարուցվել է վերոնշյալ հանցանքի համար պատիժ նախատեսող ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ըստ այդ հոդվածի՝ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարով:

2009-2016 թվականներին ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լուրին՝ նշելով, թե ինքը որևէ ծանուցում կամ նամակ դեռ չի ստացել։

«Այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»,- գրել է նա։

Քրգործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։