14 մայիսի 2020 - 12:14 AMT
Մարտունիում Covid-19-ով վարակված ընտանիքի տան պատերին գրություններ են թողել, շրջել դարպասը

Գեղարքունիքի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր, տեղեկացնում է Panorama.am-ը։

Վարակակիր քաղաքացիների հարևաններն ասել են, թե առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել գրված բառերը։

«Էդ մարդիկ 14 օրից գալու են, ասենք էս ի՞նչ անելու բան էր․․․ էդ ո՞վ է ապահովագրված, որ չի վարակվելու, կամ էս մարդիկ ուզո՞ւմ էին վարակվել»,- ասել են հարևանները։

Թե ով կարող է այս ամենի հեղինակը լինել, հարևանները դժվարացել են նշել։

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասել է, որ տան վրա հարձակում չի եղել, ուղղակի պատերի վրա ինչ-որ մարդիկ մի քանի ոչ պարկեշտ գրառում են արել, բայց տանը որևէ վնաս չի հասցվել։

«Մարզի ոստիկանապետն ու իմ տեղակալը վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում, գրածները մաքրել ենք տվել, հիմա էլ ճշտում ենք՝ ում տանը տեսախցիկներ կան, որ կարող է նկարած լինեն, որ տեսագրությունները նայենք ու մեղավորներին գտնենք։ Ասում եմ՝ տանը վնաս չի հասցվել, ուղղակի մարդիկ «լակոտություն» են արել»։

Համայնքապետը շեշտել է, որ դատապարտում է այդ արարքը, և վստահեցրել, որ մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են։

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակի 211 հաստատված դեպք կա։ Մարզում 3 մահ է գրանցվել, ապաքինվել է 46 մարդ։