14 մայիսի 2020 - 14:48 AMT
Աշոտ Ղուլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Արցախի ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա խորհրդական Անուշ Ղավալյանը։

«Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:

Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,- ասվում է գրառման մեջ։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուներից փակ գաղտնի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: