Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ խաղաղ գործընթացին:
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն: