Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը, որով աջակցություն կստանան աշխատատեղերը պահպանած ընկերությունները, մեկնարկել է։
18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.
2020-ի ապրիլի աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թվին, և.
2020-ի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտները գերազանցում են (կամ հավասար են) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների 95 տոկոսին:
Պետք է նկատի ունենալ, որ 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.
1) 2020-ի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
2) 2020-ի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020-ի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
3) 2020-ի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020-ի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ) Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)
Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:
Վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները` 2020-ի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:
Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:
Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.
1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը։ Մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին դրամաշնորհ տրամադրելու որոշումը կայացվել է կառավարության մայիսի 14-ի նիստում։ Այդպիսի ընկերությունները կառավարությունից կստանան յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։
Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է ավելի քան 76 միլիարդ դրամ։