16 մայիսի 2020 - 10:29 AMT
Նախարար․ Ծայրահեղ ծանր վիճակում է 32 հիվանդ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակին, հայտարարել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է 32 հիվանդ, ծանր վիճակում` 65։ Այդ մասին նախարարը խոսել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

Նա տեղեկացրել է նաև, որ ՀՀ-ում թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա, 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին:

Նախարարը նշել է նաև, որ վարակակիրների թվի աճով պայմանավորված ավելանում է թոքաբորբ ունեցողների թիվը։

Թորոսյանը, սակայն, լավ ցուցանիշ է համարում այն, որ ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների թիվը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։