16 մայիսի 2020 - 10:32 AMT
ԱԳՆ․ Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրենց մեքենաներով են ուզում ՀՀ հասնել՝ հրաժարվելով այլ լուծումից

Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայում ՀՀ մոտ 35 քաղաքացի կա, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական մեքենաներով: Այդ մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ նրանք հրաժարվում են այլ լուծումներից։

Հայտարարության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաները հատուկ հատկացված կայանատեղիում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայում միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների համար։