ԱՄՆ Միջազային զարգացման գործակալությունը (USAID) ավելացրել է ՀՀ-ին տրամադրվելիք օգնությունը։
Մայիսի 13-ին USAID-ի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով օժանդակությունն ավելացվել է 11,5 մլն դոլարով։
Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն դոլար։
Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով։
ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության և մեդիա ծրագրերին:
Նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվել է Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 7,5 միլիոն դոլարով։
Այս փոփոխությամբ 2010թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 91,8 միլիոն դոլար։ Համաձայնագիրն աջակցում է Հայաստանին համակողմանի տնտեսական աճի հասնելու հարցում, որի շնորհիվ ձևավորվում է արդյունավետ զբաղվածություն և զարկ է տրվում հավասար հնարավորություններին։
ԱՄՆ օժանդակությունը նպաստում է նորարարություններին, աշխատուժի կատարելագործմանը, առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը և թիրախավորում է տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, էներգետիկա, ջրային ռեսուրսներ։