16 մայիսի 2020 - 14:11 AMT
Փաշինյան․ Արցախի հարցը մեկի քմահաճույքով լուծվել չի կարող, ԼՂ-ն պետք է բանակցի

Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին շատ կարևոր ու էական է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առանց Արցախի մասնակցության չի կարող լինել հարցի որևէ լուծում:

«Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ն չի կարող Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն որոշում կայացնել։

Անդրադառնալով հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին՝ Փաշինյանը նշել է, որ այդ գաղափարը մշտապես առկա է եղել թե՛ բանակցային փաստաթղթերում, թե՛ հրապարակային հայտարարություններում:

«Ամենատարբեր գաղափարներ կարող են առկա լինել, բայց եթե կլինի այնպիսի լուծում, որին ես ոչ թե հակված կլինեմ ասել «այո», այլ որին ես կմտածեմ, որ գուցե չարժե ասել «ոչ», ես կվերցնեմ այդ տարբերակը, կքննարկեմ առաջինը ՀՀ և Արցախի ԱԽ-երի հետ, ԱԺ-ների հետ և ժողովրդի հետ», - ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ այդ պայմանը ժողովրդի հետ ինքը կապել է դեռ 2018-ին:

«Ինչո՞ւ Արցախի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքով: Այդ ով է այդ մադը, ես ուզում եմ իմանալ»,- հարցրել է վարչապետը։

Փաշինյանը շեշտել է, որ բանակցային սեղանի շուրջ կարող են հնչել ամենատարբեր առաջարկներ՝ ամենաընդունելիից մինչև ամենաանընդունելի:

ՀՀ ներկայացուցիչները, նրա բնորոշմամբ, չեն կարող փակել ականջները, որ չլսեն կամ փախչեն սեղանի մոտից: Իսկ վերջնական լուծումը, ըստ նրա, պարզվելու է բանակցելու ու խոսելու միջոցով:

Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնս, իսկ Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ԱՀ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի համար։