Ֆրանսիայի կառավարությունը մշակում է զբոսաշրջության ոլորտի արագ վերականգնման և աջակցության ծրագիր։
Ֆրանսիայի զբոսաշրջության գծով պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը կոչ է արել մինչև հունիսի վերջ հնարավորինս շատ տեսարժան վայր բացել այցելության համար։ Նա հուսով է, որ հունիսի 21-ին արդեն բազմաթիվ այդպիսի վայրեր կկարողանան զբոսաշրջիկների ընդունել, գրում է Deutsche Welle-ն։
Մայիսի 25-ին, ըստ Լեմուանի՝ կորոշվի զբոսաշրջության հատվածի վերականգնման ժամանակացույցը։ Մայիսի 16-ից արդեն որոշ լողափեր բացվել են։
Կառավարությունն առաջարկել է քաղաքացիներին հուլիս-օգոստոսին արձակուրդները Ֆրանսիայում անցկացնել։
ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները քննադատել է հունիսի 3-ից մուտքը երկիր թույլ տալու վերաբերյալ Իտալիայի որոշումը։ Ըստ նրա՝ դա միակողմանի, եվրոպացի գործընկերների հետ չհամակարգված քայլ է։
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկների, աշխարհում կորոնավիրուսով 4,702,603 վարակված կա։ Հիվանդությունից մահացել է 314,476 մարդ․ ապաքինվել է 1,7 մլն մարդ։ ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսային վարակի պանդեմիա է հայտարարել։