19 մայիսի 2020 - 12:48 AMT
10,000 դրամ տուգանք՝ դիմակ չունենալու համար. Նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10,000 դրամ տուգանք սահմանող նախագիծը։ Առաջարկը ներկայացրել էր կառավարությունը։

Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր դիմակ կրեն, բաց տարածքներում՝ ունենան իրենց մոտ. ամսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանել է, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։ Ըստ նրա՝ դիմակի առկայությունը ենթադրում է, որ փակ տարածք մտնելիս քաղաքացին ունի դիմակ ու կարող է այն օգտագործել։

Փակ տարածքում հաճախորդի մոտ դիմակի բացակայության համար պատասխանատվություն է կրում տնտեսվարող սուբյեկտը։

Փոխնախարարը նշել է, որ բաց տարածքներում ձեռնոց կրելու պարտադիր պահանջ ևս չկա։

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։