19 հունվարի 2009 - 15:09 AMT
ՀԱՊԿ խաղաղարար գործունեության մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ խաղաղարար գործունեության մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնում, դա հնարավոր դարձավ անցած շաբաթ, երբ ՀԱՊԿ Քարտուղարությունը գրավոր տեղեկացվեց այն մասին, որ Համաձայնագիրը ստորագրած Կազմակերպության անդամ պետությունները կատարել են այն ներքաղաքական գործողությունները, որ անհրաժեշտ էին այն կյանքի կոչելու համար:

ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը կնքվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում: Համաձայնագրում ասվում է, որ ՀԱՊԿ մասնակցությունը խաղաղապահ գործունեությանը «գործուն մեխանիզմ կլինի նրա միջազգային դիրքերի, հեղինակության եւ քաղաքական քաշի կշիռը բարձրացնելու համար»:

Համաձայնագրով նախատեսվում է ՀԱՊԿ մշտական Խաղաղապահ ուժերի ստեղծում: Անդամ երկրների խաղաղապահ ուժերը կպատրաստվեն միասնական ծրագրով, կզինվեն սպառազինության եւ կապի միասնական նմուշներով, կմասնակցեն կանոնավոր համատեղ զորավարժությունների: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կարող են մասնակցել խաղաղապահ գործողությունների ինչպես ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այնպես էլ, ըստ ՄԱԿ-ի ԱԽ որոշման, այլ տարածաշրջաններում: