19 հունվարի 2009 - 15:18 AMT
Երեւանի «Արարատը» անընդմեջ երկրորդ պարտությունն է կրել Համագործակցության գավաթի խաղերում
Հունվարի 17-ին մեկնարկել է «Համագործակցության գավաթի առաջնություն» ֆուտբոլային մրցաշարը: Այս տարի «համագործակցության գավաթում» Հայաստանը ներկայացնում է երկրի փոխչեմպիոն «Արարատը»:

Թիմը Մոսկվա է մեկնել առանց իր բրազիլացի լեգիոներների` Ռենատոի, Ջեֆերսոնի, Ջուլիանոյի եւ Մարկոսի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վահագն Մինասյանի: Ի դեպ, այլ թիմեր եւս մասնակցում են մրցաշարին երկրորդական կազմով:

Հունվարի 17-ին, մեկնարկային խաղում «Արարատը» պարտվեց Ղազախստանի «Ակտոբեին» 1:3 հաշվով: Բոլոր երեք գոլերը Հայաստանի դարպասներին խփվել են առաջին խաղակեսում: Խոշոր հաշվից երեւանցիներին թույլ է տվել խուսափել 85-րդ րոպեին կիսապաշտպան Նշան Էրզրումյանի խփած գոլը: Իսկ Տաշկենտի «Պախտակորի» հետ խաղում նույնիսկ Գեւորգ Նռանյանի առաջին խաղակեսում խփած գոլը, չօգնեց թիմին խուսափել ջախջախիչ պարտությունից: Խաղն ավարտվեց 1:4 հաշվով: «Արարատը» առանց միավորների եւ գնդակների վատագույն հարաբերակցությամբ գտնվում է A խմբի վերջին տեղում:

Խմբային փուլի վերջին խաղում, հունվարի 20-ին, հայկական ակումբի մրցակիցը կլինի ՌԴ չեմպիոն Կազանի «Ռուբինը»: Սակայն այդ խաղի արդյունքն արդեն ոչինչ չի փոխի` խաղից հետո թիմը կվերադառնա Երեւան:

Խաղերի արդյունքները.
A խումբ
Ռուբին` Ռուսաստան-Ակտոբե` Ղազախստան-0:2
Պախտակոր`Ուզբեկստան-Արարատ` Հայաստան-4:1

B խումբ.
Աշգաբադ`Թուրքմենստան-Բելառուս-0:4
ՌԴ հավաքական-Էկրանաս` Լիտվա-0:1

C խումբ.
Շախտյոր` Ուկրաինա-Լեվադիա` Էստոնիա-2:1
Ռեգար-Թադազ` Տաջիկստան-Շերիֆ` Մոլդովա-1:2

D խումբ.
Ինտեր` Ֆինլանդիա-Ինտեր`Ադրբեջան-1:3
Վենտսպիլս`Լատվիա-Դորդոյ-Դինամո` Ղրղզստան-1:0