Ավելի քան 6000 աշակերտ ապահովվել է հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, PanARMENIAN.Net-ին ասացին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ ներգրավված չեն հեռավար կրթության մեջ՝ տեխնիկական միջոցներ չունենալու պատճառով։ Նախարարը հայտնել էր, որ նախաձեռնում են սարքերի հավաքում։
«Արձագանքելով ԿԳՄՍՆ-ին` եկեղեցին, տարբեր կազմակերպություններ ու անհատներ նվիրաբերել են մոտ 3000 համակարգչային սարք և սարքավորում։ Հաշվի առնելով, որ սարքերը տրամադրվել են այն ընտանիքներին, որտեղ կա երկու և ավելի դպրոցական, ստացվում է, որ դրանցից օգտվել է ավելի քան 6000 դպրոցական»,- նշեցին նախարարությունից՝ հավելելով, որ մարզերի համապատասխան բաժինների ջանքերով նույնպես տրամադրվել են համակարգիչներ։
Դպրոցներին տրամադրվող սարքերը մնում են հենց այն կրթական հաստատության հաշվեկշռին, որոնց միջոցով դրանք տրամադրվել են։
ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մարտից դպրոցներն ու մյուս ուսհաստատություններն անցել են հեռավար կրթության։