20 մայիսի 2020 - 11:40 AMT
Փաշինյանը՝ Նեթանյահուին․ Շահագրգռված ենք շարունակելու քաղաքական երկխոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ գործակցությունն Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։

«Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստացնել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։

Մայիսի 17-ին Իսրայելի Քնեսեթը հաստատել է նոր կոալիցիոն կառավարության կազմը՝ վերջին մեկ տարում 3-րդ ընտրությունների արդյունքում։ Ըստ «Լիկուդ» և «Կախոլ-Լավան» կուսակցությունների համաձայնագրի՝ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերանշանակվել է պաշտոնում և կպաշտոնավարի 18 ամիս։ Ժամկետը լրանալուց հետո նրան կփոխարինի պաշտոնում «Կախոլ-Լավանի» առաջնորդ, փոխվարչապետ Բենի Գանցը, իսկ Նեթանյահուն փոխվարչապետ կդառնա։ Պաշտոնների փոխանակումը կատարվելու է 2021-ի նոյեմբերի 17-ին։