20 մայիսի 2020 - 13:55 AMT
Ադամանդի գործարանի 100-ից ավելի աշխատակից բողոքում են․ Պարապուրդի փոխհատուցում չեն ստացել

Աբովյան քաղաքի ADM ադամանդագործական ընկերության 100-ից աշխատակից բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց տրամադրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով նախատեսված օժանդակությունը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18 միջոցառում է մշակել։ Դրանք նաև վերաբերում են տնտեսական ոլորտին և միանվագ աջակցություն տրամադրում պարապուրդի մատնված գրանցված աշխատողներին։

«Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,- ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ ում դիմել։

Աբովյանի ադամանդի գործարանը բացվել է 2019-ի դեկտեմբերի 2-ին։