20 մայիսի 2020 - 14:58 AMT
Ադամանդի գործարանի աշխատողներին հնարավոր է աջակցեն․ Ցույցը դադարեցված է

Աբովյան քաղաքի ADM Diamond ադամանդագործական ընկերության 100-ից ավելի աշխատակիցը դադարեցրել են մայիսի 20-ի առավոտից անցկացվող բողոքի ակցիան և փոխհամաձայնության եկել տնօրինության հետ, փոխանցում է Sputnik Armenia-ն՝ հավելելով, որ քննարկվում է աշխատողներին աջակցություն տրամադրելու հարցը։

Աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ նշելով, որ մոտ 2 ամիս հարկադիր պարապուրդի են մատնվել, սակայն պետությունից հասանելիք աջակցությունը չեն ստացել։

Աշխատակիցները փոխհատուցում չեն ստացել գործարանի հաշվապահների թերի աշխատանքի պատճառով, քանի որ Կառավարությանը «սխալ» փաստաթղթեր է ներկայացվել։

Ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը հայտնել է, որ որևէ աշխատակցի հետ խնդիր չկա։

«Մեր հաշվապահների սխալի պատճառով աջակցություն չի տրամադրվել։ Այսինքն` կառավարության որոշմամբ` մեզ պետք է հասներ աջակցություն, սակայն մեր հաշվապահները հաշվետվության մեջ սխալ ոլորտ են գրել, որին չի տրամադրվում աջակցություն»,- նշել է նա։

Արտաշիսյանը, սակայն, հայտնել է, որ չեն պատրաստվում հաշվապահներին աշխատանքից ազատել կամ տույժ-տուգանքներ կիրառել. բոլորն էլ կարող են սխալվել։

«Այս պահի դրությամբ աշխատակիցների հետ քննարկվում է նրանց աջակցելու հարցը, ինչ եղել` եղել է, անցավ-գնաց»,– եզրափակել է փոխտնօրենը։

Աբովյանում գործող ընկերության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019-ի դեկտեմբերին: Գործարանի հիմնադիրներն են Արտակ և Արմեն Բաղիկյանները։