21 մայիսի 2020 - 15:33 AMT
Վրաստանում եկեղեցիներին կարող են փոխանցվել դրանց մոտ 20 հա-ից ավելի անտառային տարածքները

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն մայիսի 20-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է «Անտառային օրենսգրքի» փոփոխությունները։ Ըստ լրատվամիջոցների՝ փոփոխություններով նաև նախատեսվում է վրաց ուղղափառ եկեղեցուն տրամադրել 20 հեկտարից ավելի անտառային տարածք՝ վանքերի և եկեղեցների հարևանությամբ։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Նինո Թանդիլաշվիլիի խոսքով փոփոխությունները ոչ մի կապ չունեն առաջիկա ընտրությունների հետ, «որոշման միակ նպատակը հաջորդ սերունդների համար անտառների պահպանությունն է», գրում է Apsny.ge-ն։

Վրաստանում 11,673 ուղղափառ եկեղեցի կա։

Թանդիլիշվիլին նշել է, որ եթե վանքերի և եկեղեցիների շուրջ գտնվող անտառային տարածքները փոխանցվեն Պատրաիրքարանին, ապա եկեղեցականների վրա ավելի մեծ պարտավորություններ կդրվեն, քան իրավունքներ։ Ըստ նրա՝ այդ պարտավորությունները ներառում են տարածքների պահպանություն, վերականգնում, անտառների կայուն ղեկավարում և այլն։

Եթե օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանանա պատգամավորների կողմից, ապա եկեղեցիների ու վանքերի շուրջ գտնվող անտառային հողերը կարող են դառնալ Վրաստանի Պատրիարքարանի սեփականությունը։