22 մայիսի 2020 - 11:38 AMT
Ռուբեն Հայրապետյանին, նրա որդուն ու ընկերներին մեղադրում են աշխատողին խոշտանգելու համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի հանգամանքներ են պարզվել, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ կառույցի՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով (Խոշտանգում՝ անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ, պատժվում է 3-7 տարի ժամկետով), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (Ազատությունից ապօրինի զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5տարի ժամկետով): Մեղադրանքներ են առաջադրվել նաև խմբի այլ անդամների։

Հայրապետյանի որդու և խմբի 2 անդամի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ կան։

Մայիսի 19-ին Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ գտնվում է Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց կորոնավիրուսի պատճառով չի կարող: 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը: Հայրապետյանն ու իր պաշտպանը տեղյակ են այս մասին։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից անձն աշխատել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Անձը 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր՝ 52 մլն ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30 մլն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով այդ մասին՝ վարկերը հետ ստանալու համար 2016թ. հուլիսի 26-ից սկսած՝ այդ անձին կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են՝ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, պարբերաբար, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը անձի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով։

Նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանն այդ անձից պահանջել է մոտ մոտ 57 մլն դրամ՝$120,000, էլեկտրաշոկերով հարվածել նրան, հոգեբանական բռնություն կիրառել՝ համալիրի աշխատակիցների և վերջինիս ընտանիքի աչքի առաջ։

Իրական համարելով սպառնալիքները՝ անձը Հայրապետյաններին է տվել 238 դրամի ոսկյա ապարանջանը, 1.4 մլն ՀՀ դրամի Nissan X Trail մակնիշի ավտոմեքենան, մոտ 952,000 դրամ կանխավճարով գնված Nissan Muran մակնիշի ավտոմեքենան։ Անձի ընտանիքի անդամներն ու ընկերները ևս ֆինանսական միջոցներ են տրամադրել Հայրապետյաններին։ Այդ ընթացքում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները պահանջել են իրենց հանձնել տուժողի տատի ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը:

Գումարի մի մասը ստանալուց հետո՝ 2016թ. օգոստոսի 18-ին անձն ազատ է արձակվել, իսկ նրա ընտանիքի անդամները, Հայրապետյանների միջնորդությամբ, կազմակերպելով իրենց տան օրինականացման գործընթացը, Հայրապետյանները 2016թ. հոկտեմբերի 18-ին դրա նկատմամբ ձևակերպել են իրենց մտերիմ անձի սեփականության իրավունքը և այդ կերպ անձին ու նրա ընտանիքի անդամներին զրկել միակ կացարանից։

Ավելի վաղ՝ 2020-ի փետրվարին Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով։