22 մայիսի 2020 - 16:27 AMT
Bloomberg․ Լարրի Գագոսյանն կարանտինում արվեստի գործերի առցանց վաճառքով $14 մլն է վաստակել

Արվեստի գործերի աշխարհի ամենահայտնի կոլեկցիոներ Լարրի Գագոսյանն անցել է առցանց վաճառքի՝ կարանտինի ռեժիմի մեկնարկից ի վեր վաճառքի ծավալը կազմել է 14 մլն դոլար։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում նա գնորդ է գտել նկարչուհի Սեսիլիա Բրաունի կտավի համար, որը գնահատվել է 5․5 մլն դոլար, գրում է Bloomberg-ը։

Հարցազրույցում Գագոսյանը պատմել է, որ ապրիլ-մայիսին կառավարում էր մոլորակով մեկ տարածված իր կայսրությունը Մանհեթենի իր աշխատասենյակից։ Գագոսյանը մշտական 300 աշխատակից ունի, կառավարում է 18 պատկերասրահ և տնօրինաում 16,000 քմ վարձակալած տարածք։

Գագոսյանը խոստովանել է, որ պատրաստ է դժվար ժամանակներին։ Լինելով հայ գաղթականների ընտանիքից՝ Գագոսյանը 1970-ականներին սկսել է Լոս Անջելեսի ավտոկայանատեղիում պոստերներ վաճառելուց և հասել արտ ինդուստրիայի գագաթին։

Ըստ Գագոսյանի՝ հիմա արվեստի գործը գնելն առաջնային չէ նույնիսկ ամենաակտիվ կոլեկցիոներների համար։

«Հիմա դժվար է նույնիսկ տեղափոխել նկարը, բեռնատար պատվիրել, ինչ-որ մեկին դրդել հաշվետվություն ներկայացնել։ Այն ամենը, ինչն արվեստի աշխարհում տարրական էր համարվում, դարձել է շատ խնդրահարույց»,- ասել է նա։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արվեստի ամբողջ ինդուստրիան, որի ծավալը հասնում է 54 մլրդ դոլարի, կոլապսի մեջ է՝ թանգարաններն ու պատկերասրահները փակ են, իսկ տոնավաճառները տեղափոխվում են անորոշ ժամանակով։