22 մայիսի 2020 - 16:25 AMT
ԱՄՆ միլիարդատերերը պանդեմիայի ընթացքում ավելի են հարստացել

ԱՄՆ միլիարդատերերն ավելացրել են իրենց կարողությունը 15%-ով կորոնավիրուսի պանդեմիայի երկու ամսում, փոխանցում է Deutsche Welle-ն։

Մարտի 18-ից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նրանց ընդհանուր եկամուտներն աճել են $434 մլրդ-ով՝ հասնելով $3․3 տրլն-ի։

Ընդհանուր կարողության աճի մոտ 20%-ը բաժին է ընկնում ԱՄՆ 5 ամենահարուստ մարդկանց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթին և Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին։

Մասնավորապես, Բեզոսի ունեցվածքն աճել է $34․6 մլրդ-ով (30,6%), Գեյթսինը՝ $8 մլրդ-ով ( 8,2%), իսկ Ցուկերբերգինը՝ $25․3 մլրդ-ով ( 46,2%)։

ԱՄՆ թոփ-30 միլիարդատերերի ցանկի մեջ մտնողներից երկու ամսվա մեջ աճի ամենամեծ տոկոսն են գրանցել Menards խանութների ցանցի ղեկավար Ջոն Մենար կրտսերը (62․8%) և գործարար Իլոն Մասկը (48%)։

Ըստ հետազոտության` ԱՄՆ-ում ավելացել է նաև միլիարդատերերի թիվը․ մարտին նրանք 614-ն են եղել, մայիսին՝ 630-ը։

Photo. Getty Images