22 մայիսի 2020 - 15:40 AMT
Թուրքիայի ԱԳՆ․ Չեխիայի Սենատի բանաձևը մեզ համար «առ ոչինչ է»

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը` հայտարարելով, որ այդ բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է։

Ըստ Անկարայի՝ բանաձևն իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը, գրում է Ermenihaber-ը։

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրի հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկրում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։

Հղում է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդհանրապես թուրքական կողմի՝ տարբեր առիթներով պարբերաբար հնչեցվող «ընդհանուր ցավի» գաղափարին՝ կոչ անելով պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։

Չեխիայի խորհրդարանը դեռ 2017-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2020-ի մայիսի 20-ին Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձը, որով դատապարտվում է նաև Հայոց ցեղասպանությունը։