23 մայիսի 2020 - 11:42 AMT
Ադրբեջանում կարանտինը կերկարացնեն

Կարանտինային ռեժիմն Ադրբեջանում մայիսի 31-ից հետո կերկարացվի։ Այդ մասին հայտարարել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին։

«Covid-19-ով վարակվելու վերաբերյալ վիճակագրական տվյալները հիմք չեն տալիս չեղարկելու կարանտինի ռեժիմը։ Մայիսի 31-ից հետո այն կերկարացվի», - ասել է Բայրամլին, գրում է Haqqin.az-ը։

Նա նշել է, որ մայիսի 18-23-ը գրանցվել է վարակի 581 նոր դեպք, ապաքինվել է 384 մարդ։

«Նախորդ շաբաթ 755 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 365 մարդ առողջացել է։ Մահացել է 7 մարդ, այս շաբաթ ևս 7 մարդ, բայց շաբաթը դեռ չի ավարտվել»,- ասել է Բայրամլին։

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 3855 դեպք է գրանցվել, որից 2399-ն ապաքինվել է, 46-ը՝ մահացել։